top of page

Մանգա (ճապոներեն՝ կանջի՝ 漫画, հիրագանա՝ まんが, կատականա՝ マンガ, ˈmɑŋgə (օգնություն • ինֆո)), ճապոնական կոմիքսներ, որոնց հաճախ անվանում են «քոմիքքու» (コミック)։ Ժամանակակից տեսակի մանգան սկսել էր զարգանալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ արևմտյան ավանդույթի մեծ ազդեցության տակ լինելով, սակայն, ունի հին ճապոնական արվեստի արմատներ։ Մանգաները նկարվում են հատուկ ոճով, որը զարգացել է 19-րդ դարի վերջում՝ Ճապոնիայում։ Դրա արմատները ընկած են վաղ ճապոնական արվեստում։

Ճապոնիայում մանգա կարդում են առանց տարիքային սահմանափակման։ Այն ընդունված է և՛ որպես գեղարվեստի չափանիշ, և՛ որպես գրական երևույթ, այնպես որ կան բազմաթիվ ստեղծագործություններ տարբեր ժանրերի և տարբեր թեմաների՝ ռոմանտիկա, արկածային, սպորտ, պատմություն, հումոր, գիտաֆանտաստիկա, սարսափ, էրոտիկա, բիզնես և այլն։ 1950 - ականներից մանգան դարձել է ճապոնական հրատարակչության խոշոր մասնաճյուղ, որի շրջանառությունը 2006 թվականին հասնում էր 500 միլիոն դոլարի։

Ճապոնիայում մանգա տերմինը բնորոշում է թե կոմիքսները, թե համապատասխան մուլտիպլիկացիաները, իսկ Ճապոնիայի սահմաններից դուրս՝ այնտեղ հրատարակված կոմքիսները։

Մանգաներն ավանդաբար տպվում են սև-սպիտակ ֆորմատով, բայց դա չի խանգարում հրատարակել նաև ներկված գլուխներ ու նույնիսկ ամբողջական մանգաներ։ Մանգաների առանձին էջեր, դրվագներ կամ գլուխներ ներկելը դարձել է նաև ֆանարտի ինքնուրույն ճյուղ. հաճախ երկրպագուների գործերը մի քանի անգամ գերազանցում են պաշտոնական գունավորումները։

Ճապոնիայում մանգա կարդում են բոլորը՝ անկախ տարիքից։ 1950-ականներից սկսած մանգան դարձավ Ճապոնիայի գլխավոր արտահանվող արտադրանքը։ Այժմ մանգան ամբողջ աշխարհում լայն լսարան է նվաճել։ Ճապոնիայում մանգաները սովորաբար հրատարկվում են մեծ, մասնագիտացված մանգա-ամսագրերում. յուրաքանչյուր համարում տպվում է յուրաքանչյուր մանգայի միայն մի գլուխը, որի շարունակությունը լույս է տեսնում հաջորդ համարում։ Եթե մանգան հաջողություն է ունենում, գլուխները հավաքվում են ու լույս են տեսնում առանձին հատորներով՝ տանքոբոններով(տանքոբոնների գաղափարը, հետազոտողների կարծիքով, շրջադարձային եղավ մանգա-արդյունաբերությունում)։ Եթե մանգան շարունակում է հաջողություն ունենալ, այն կարող է անիմեի վերածվել՝ տպվելուց հետո կամ նույնիսկ հրատարակվելու ընթացքում։ Հազվադեպ պատահում է նաև հակառակ հաջորդականությունը՝ մանգաները ստեղծվում են արդեն գոյություն ունեցող մեդիայի հիման վրա։

Մանգա-նկարիչը՝ մանգական, որպես կանոն, աշխատում է փոքր ստուդիայում մի քանի օգնականների ու հրատարակող կազմակերպության կողմից ուղարկված ստեղծարար խմբագրի հետ։ Մանգայի, ինչպես և ֆիլմի, ստեղծողը համարվում է այն մարդը, ով որոշում է կադրերի, մանգայի դեպքում՝ ֆրեյմերի, փոխդասաովորությունը, իսկ հենց նկարչությունը, որպես կանոն, օգնականների ձեռքի գործն է։ 

Մանգաներն ընթերցվում են աջից ձախ ու վերևից ներքև՝ սա ճապոնական ավանդական կարդալու ձևն է։ Որոշ հրատարակիչներ հենց այդպես էլ պահում են, սակայն շատերը հայելային անդրադարձնում են էջերը՝ ոչ ճապոնացի ընթերցողին ադապտացնելու համար։ Այս երևույթը հայտնի է որպես フリッピング՝ ֆուրիպպինգու։ Շատ քննադատներ դեմ են սրան, քանի որ հաճախ նման անդրադարձումը կարող է շուռ տալ հեղինակի մտահղացումը. այսպես, շապիկի կամ ցուցանակի վրայի գրվածքները իմաստը կորցնում են՝ օրինակ, մայիսը(may) դառնում է յամ(yam); աջլիկ հերոսները՝ ձախլիկ; արգելակման պեդալը վերածվում է գազի ոտնակի ու այդպես շարունակ։ Դրանք ընթերցողները առաջին հայացքից չեն նկատում ու ոչ միշտ են վերընթերցում, ինչն ավելի շատ անհարմարություններ է ստեղծում, քան անսովոր կարդալու ձևը։

Եթե անդրադարձումը բավական լավ չի կատարվում կամ թարգմանությունը դրան չի համապատասխանեցվում, հնարավոր է նաև, որ նկարն ու տեքստը հակադրվեն միմյանց։ Այդ պատճառով շատ կազմակերպություններ իրենց այցեքարտն են դարձրել հենց այն, որ չեն փոփոխում օրիգինալ էջերը։

Մանգայից ոգեշնչված գործեր ստեղծվում են նաև Ճապոնիայի սահմաններից դուրս, մասնավորապես՝ ՉինաստանումՀոնգ Կոնգում ու Թայվանում (մանհվա); Ֆրանսիայում (լա նուվել մանգա) ու Ամերիկայում(OEL-Original English Language manga)։

2007 թվականին մանգայի ազդեցությունը համաշխարհային շուկայում վերջին երկու տասնամյակի նկատմամբ աննախադեպ աճ գրանցեց։ Ազդեցություն թե՛ վաճառքի ու շահույթի իմաստով, թե՛ գաղափարական՝ հայտնվեցին շատ այլազգի մանգա-նկարիչներ։

Այն նաև հայտնի է դարձել ամբողջ աշխարհի մնացած հատվածներում, հատկապես ԱՄՆ - ում, որտեղ 2006 թվականին առքուվաճառքի շրջանառությունը 175-200 միլիոն դոլար էր կազմում։ Գրեթե ամբողջ մանգան նկարվում է և հրատարակվում սև ու սպիտակով, չնայած կա նաև գունավորը, օրինակ «Colorful», որի անվանումը անգլերենից թարգմանվում է որպես «գունավոր»։ Հայտնի մանգաների, ավելի հաճախ երկար մանգա-սերիալների (երբեմն անավարտ), հիման վրա նկարահանում են անիմե։ Սցենարի էկրանիզացիան կարող է ենթարկվել որոշակի փոփոխությունների։ Օրինակ եթե կան մարտերի և ճակատամարտի տեսարաններ, որոնք ներկայացնում են դաժան կամ վայրի պատկերներ, ապա նման հատվածները հանվում են։ Նկարիչը, ով նկարում է մանգան, կոչվում է մանգակ, հաճախ հենց նա է հանդիսանում սցենարի հեղինակը։ Եթե սցենարը գրում է առանձին անհատ, ապա նման սցենարիստը կոչվում է գէնսակուսյա (կամ, ավելի ճիշտ, manga gensakusya)։ Պատահում է, որ մանգան ստեղծվում է արդեն գոյություն ունեցող անիմեի կամ ֆիլմի հիման վրա, ինչպես օրինակ «Աստղային պատերազմներ» - ը։ Այնուամենայնիվ, անիմեի մշակույթն ու «օտակու» հասկացությունը չէին առաջանա առանց մանգայի, քանի որ շատ քիչ պրոդյուսերներ են պատրաստ ժամանակի և գումարի ներդրում կատարել մի ծրագրի մեջ, որը չի ապացուցել իր հանրաճանաչությունը ներկայանալով ուղղակի կոմիքսի նմանությամբ։

Մանգա

Մանգայի զարգացման պատմությունը

Միջնադարից մինչև Երկրորդ Համաշխարհային Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասվում է, որ առաջին մանգաները 12-րդ դարի ձեռագրեր են։ Համենայն դեպս, հենց այդ ժամանակ է սկիզբ դրվել աջից ձախ կարդալու ձևին։

Առաջին նկարներով պատմվող պատմությունների մասին հիշատակումները վերաբերում են 13-րդ դարին։ Ընդունված է համարել, որ բուդդայական վանական Տոբան (կամ Կաքույուն) առաջինն էր, ով 4 հումորային պատմություններ է նկարել՝ գրելու փոխարեն։ Դրանք իրենցից ներկայացնում էին չորս ստորագրված տուշով ձեռագրեր ու պատմում էին մարդկանց ու կանոնները խախտող վանականներին այլաբանորեն ներկայացնող կենդանիների մասին։ Հիմա ձեռագրերը պահվում են մենաստանում, որտեղ ապրել է Տոբան։

Զարգանալով, մանգան իր մեջ է ամփոփում ուքիյո-էն ու արևմտյան նկարչական ավանդույթները։ Մեյջի հեղափոխությունից հետո, երբ ճապոնական երկաթե վարագույրը ընկավ ու սկսվեց Ճապոնիայի ակտիվ մոդեռնիզացման շրջանը, երկիր մտան արևմտյան կոմիքսները; տեղացի նկարիչները իրենց արտասահմանցի կոլեգաներից սովորեցին կոմպոզիցիայի, չափերի ու գույնի առանձնահատկությունների մասին՝ սովորեցին մի բան, որի վրա ուքիյո-է ոճի ներկայացուցիչները ժամանակ չէին ծախսում՝ համարելով, որ նկարի ասելիքը արտաքին տեսքից կարևոր է։

1902 թվականին սկսեց հրատարակվել Րաքուտեն Քիթաձավայի հումորային կոմիքսը՝ Tagosaki to Makube no Toukyou։ Սա Ճապոնիայում լույս տեսած առաջին շարունակական կոմքիսն էր։

1900-1940-ական թվականներին մանգան դեռ էական հասարակական երևույթ չէր, ավելի շատ նորաձև երիտասարդական հետաքրքրվածություն։ Սյուժետային կոմիքսներում գերակշռում էր ճապոնական հասարակության բարքերի տռոլլինգը։

Տայշո կայսեր գահակալության տարիներին մանգակաները փորձարկումներ են սկսում անել օտարերկրյա գրաֆիկայի ոճերի հետ, փորձի փոխանակումներ են կազմակերպում այլազգի նկարիչների հետ։ Այդպես, 1920-ական թվականների ճապոնացի նկարիչների խումբ այցելում է ԱՄՆ՝ երկիր, որտեղ կոմիքսային արդյունաբերությունը վերելք էր ապրում։

1926 թվականին Ճապոնիայի կայսրը դարձավ Հիրոհիտոն։ Քաղաքական իշխանությունը մանրից անցնում էր ռազմական գործիչներին։ Սա ազդեց նաև ժամանակի արվեստի վրա. սկսեց գերակշռել ռազմական ու ռազմատենչ թեմատիկան։

Կառավարության կողմից ֆինանասավորվող մանկական կոմքիսները գունավոր էին հրատարակվում, բայց հետագայում մանգան նախընտրեց սև-սպիտակ անալոգը։

Ամենասիրված ու ճանաչված գրաֆիկական ստեղծագործությունն ու միաժամանակ ժամանակի պատկերային սիմվոլը դարձավ 1931 թվականից հրատարակվող Norakuro մանգան։ Այն պատմում էր կենդանիների բանակում ծառայող Նորաքուրո շան մասին։ 1941 թվականին մանգան համարվեց ճապոնական բանակի ձեռ առնոցի ու արգելվեց։

1943 թվականին հրատարակվեց Րյուիչի Յոքոյամայի Kagaku senshi New York ni shutsugen su ֆանտաստիկ կոմիքսը։ Դրանում առաջին անգամ երևաց «հսկայական մարտական ռոբոտ»-ի գաղափարը, ինրը առանցքային դեր ունեցավ թե մանգայի, թե անիմեի հետագա զարգացման մեջ։

Պատմաբաններն ու գրողները ժամանակակից մանգայի առաջացման ու ձևավորման երկու բեկումնային փուլ են առանձնացնում։ Նրանց հայացքները տարբերվում են, երբ հարցը վերաբերում է փուլերի կարևորությանը։ Շատերը վստահ են, որ էականը Երկրորդ Համաշխարհային պատերազմի, մյուսները՝ Մեյջի ու նախա-Մեյջի ժամանակաշրջանների ճապոնական մշակույթն ու արվեստը։

1945-1952 թվականների Ճապոնիայի օկուպացիան ազդեց մանգայի վրա այն առումով, որ ամերիկացի սպաները իրենց հետ բերում էին իրենց հեռուստատեսությունն ու ֆիլմերը, որոնք ամերիկյան մշակույթի ու արվեստի տարրեր էին պարունակում։ Հատկապես կարևոր էին Դիսնեյի մուլտֆիլմերը։ Ու սա մանգա-ուսումնասիրողների մի մասի կարծիքով, ամենամեծ ազդեցությունն ունեցավ մանգայի զարգացման վրա։

Տաքաշի Մուրաքամին ու նրա նման հեղինակները խորն են ապրել Երկրորդ Համաշխարհային Պատերազմը, բայց Ճապոնիայի պարտությունy, օկուպացիան ու Հիրոշիմայի ու Նագասաքիի ատոմային ռմբակոծությունը, բացի ճապոնացիների ու ճապոնացի նկարիչների հոգում չսպիացող վերքեր թողնելուց, արտահայտվել է նաև մի շատ համով ոճի՝ քավաիի(可愛い) սկզբնավորմամբ։ Այդուամենայնիվ, Տաքայումի Տացումին գնահատում էր միջազգային էկոնոմիկայի ու մշակույթի կարևորությունը և կիսում միջազգային երիտասարդության համատեղ ստեղծագործելու ոգևորությունը։ Սա, նրա խոսքերով, հնարավորություն տվեց մանգային զարգանալ ու հասնել այն մակարդակին, որն այսօր ունենք։

Մուրաքամին ու Տացումին տրանս-ազգայնականության ջատագովներ էին ու վերաբերում էին նրան հենց որպես մի մշակույթի տարրերի մյուսին փոխանցվելու հոսանքին։ Նրանց խոսքերով, տերմինը չէր վերաբերվում միջազգային կորպորատիվ ընդլայնմանը կամ զբոսաշրջությանը կամ էլ անհատների միջև ընկերությանը, բայց վերաբերվում էր ազգային սահմաններն անտեսող նկարչական ու ինտելեկտուալ ավանդույթների փոխազդեցությանը։ Մշակութային տրանս-ազգայնականության օրինակ նշվում էր Ջորջ Լուկասի «Աստղային Պատերազմներ» ֆիլմը. այն նկարահանվել էր Միացյալ Նահանգներում, մանգան ստեղծել են ճապոնացի նկարիչները, որի մարքետինգով կրկին զբաղվել էին ամերիկացի մասնագետները։ Մեկ այլ օրինակ է ամերիկյան հիփ-հոփ մշակույթի տարածումը Ճապոնիայում։

Վենդի Վոնգը նույնպես ընդունում է տրանս-նացիոնալիզմի կարևորությունունը։

Այդուամենայնիվ, այլ գրողներ առանցքային են համարում Ճապոնիայի մշակույթի ու էսթետիկ ավանդույթների զարգացումը։ Նրանցից են Ֆրեդերիկ L. Շոդտը, Կինքո Իտոն, Ադամ L. Քերնը։

Շոդտը նշում էր ուքիյո-է ու շունգա ոճի փայտե փորագրությունների կապը ժամանակակից մանգայի հետ։ Նա նաև ուշադրություն էր հրավիրում այն փաստի վրա, որ արդեն 13-րդ դարում կային նկարազարդված ձեռագրեր. օրինակ, «Չոջու-ջինբուցու-գիգա»-ն, որում հումորային հաջորդական նկարներ են։ Չնայած դեռ վիճում են, թե պահապանված ձեռագրերից որն է ավելի հին՝ «Չոջու-ջինբուցու-գիգա»-ն, թե «Շիգիսան-էնգի»-ն, դրանք երկուսն էլ մոտավորապես նույն ժամանակաշրջանից են։ Բայց շատ հարգելի մարդիկ, օրինակ, Իսաո Տաքահատան՝ Գիբլի ընկերության համահիմնադիրը, կարծում են, որ հին ձեռագրերի ու ժամանակակից մանգայի միջև ոչ մի ընդհանրություն չկա։

Շոդտը առանձին դեր է հատկացնում քամիշիբայերին՝ փողոցային թատրոններին, որտեղ, մինչ դերասանները ներկայացումներ էին խաղում, նկարիչները նկարազարդումներ էին անում։

Տորրանսը մատնանշում է ժամանակից մանգայի ու 1890-ականներին ու 1940-ականներին Օսակայում հրատարակվող վեպի ընդհանրությունները. ամեն դեպքում, Մեյջի ու նախա-Մեյջի ժամանակաշրջանում տպագրվող ու տարածվող վեպերը նախապատրաստեցին այն հասարակությանը, որը կսիրեր նկարներով ու բառերով պատմվող պատմությունները։

Կինքո Իտոն նույնպես ժամանակակից մանգայի արմատները գցում է նախա-Մեյջի ժամանակաշրջանի արվեստում, բայց Երկրորդ Համաշխարհային Պատերազմին հաջորդող տարիները, ըստ նրա, որոշիչ դեր ունեցան, քանի որ նորովի զարգացող մանգայի ավանդույթները ոգևորություն առաջացրին սպառողների շրջանում։ Իտոն ասում է, որ հենց այս ժամանակ տարանջատվեցին նոր ժանրերն ու կատեգորիաները. այսպես, ուշ 1960-ականներին ասպարեզ է գալիս շոջոն՝ աղջիկների համար գրված մանգան, իսկ 1980-ականներին՝ րեդիսուն՝ հասուն կանանց մանգան։

Քերնը այն վարկածն է առաջադրել, որ քիբյոշիները՝ 18-րդ դարի վերջի նկարազարդ գրքերը, կարող են լինել աշխարհի առաջին կոմիքսները։ Այդ գրաֆիկական պատմվածքները ժամանակակից մանգայի հետ ժանրային ընդհանրություններ ունեն՝ հումոր, սատիրա ու ռոմանտիկա։ Քերնը չի կարծում, որ քիբյոշին մանգայի ուղղակի նախնին է, բայց հենց միայն քիբյոշիների գոյության փաստը ցույց է տալիս ճապոնացիների կոմիքսներ՝ բառերի ու նկարների համադրություն, ստեղծելու ու կարդալու պատրաստակամությունը։

Չարլզ Ինոուէն մանգան համարում է պատկերների ու բառերի խառնուրդ ու դրա առաջացումը կապում է ամերիկյան օկուպացիային նախորդող տարիների հետ։ Ըստ նրա, ճապոնական կերպարվեստը պարտական է չինական գրաֆիկական արվեստին, բայց, ինչպես և գրականությունը, թելադրված է Մեյջի ու նախապատերազմյան ժամանակաշրջանի սոցիալական ու էկոնոմիկական պահանջներով՝ ընդհանուր հասկանալի լեզվով ճապոնական ազգայնական գաղափարների տարածման պահանջներով։ Այս երկու երևույթները, Ինոուէի կարծիքով, մանգայում յուրահատուկ սիմբիոզ ստեղծեցին։

Այսպիսով, նշված գիտնականները մանգայի զարգացումը սերտորեն կապում են Ճապոնիայի մշակութային անցյալի ու հետպատերազմյան շրջանի նորարությունների ու ազգայնականության հետ։

Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից մանգան ստեղծվել է Օկուպացիայի՝ 1945-1952 թվականներին, ու հետ-Օկուպացիայի՝ 1952-ից վաղ 1960-ականներ, տարիներին, երբ ռազմատենչ ու ազգայնական Ճապոնիան վերակառուցում էր իր քաղաքական ու էկոնիկական ենթակառուցվածքը։ Չնայած Միացյալ Նահանգները արգելում էին պատերազմն ու Ճապոնական ռազմարվեստը փառաբանող արվեստն ու գրականությունը, այլ հրատարակությունները, ներառյալ մանգան, կարողանում էին շրջանցել օրենքը։ 1947 թվականին ընդունված Սահմանադրությունն էլ 21-րդ հոդվածով վերացրեց բոլոր տիպի արգելքները, ինչի տրամաբանական հետևանքը այդ շրջանում ստեղծարարության բուռն վերելքն էր։

Այս շրջանում երկու «առաջամարտիկ» մանգաներ շրջադարձային ազդեցություն ունեցան ժանրի զարգացման վրա. Օսամա Տեձուկայի «Mighty Atom»(Միացյալ Նահանգներում՝ Աստրո Բոյ, սկսել է հրատարակվել 1951 թվականից) ու Մաչիկո Հասեգավայի «Սաձաէ-սան»(սկսել է հրատարակվել 1946 թվականից) մանգաները։

Աստրո Բոյը միաժամանակ գերբնական ուժի տեր ռոբոտ ու միամիտ փոքրիկ տղա է։ Տեձուկան երբեք չի խոսել այն մասին, թե որտեղից իր հերոսը այդքան լավ զարգացած հասարակական գիտակցություն ու խիղճ ունի, կամ թե ինչպիսի ծրագավորում պիտի ունենա ռոբոտը, որ էդքան բարի ու զգացմունքային տղա դառնա։ Աստրո Բոյի երկու բնորոշումներն էլ, թվում է, նրանն են ի ծնե. Սա նպատակ ունի ներկայացնելու ճապոնական հասարակությունն ու համայնքը պաշտպանելու կամքը, որն արմատապես տարբերվում է ճապոնական կայսրության ժամանակաշրջանին բնորոշ կայսրի անձի պաշտամունքից ու ուժին հնազանդությունից։ Աստրո Բոյը շատ արագ դարձավ (և շարունակում է մնալ) սիրված հերոս Ճապոնիայում ու այլուր, որպես նոր՝ խաղաղության ու պատերազմից հրաժարվող աշխարհի խորհրդանիշ, ինչն արտացոլվում է նաև Սահմանադրության 9-րդ հոդվածում։ Նմանատիպ թեմաներ են արծարծվում Տեձուկայի New World ու Metropolis մանգաներում։ Աստրո Բոյի հաջողությունը զարկ տվեց նաև մնացած մանգակներին. օրինակ, Միցուտէրու Յոքոյաման նկարեց ճապոնական ռոբոտի մասին պատմող Tetsujin 28-go մանգան։

Տեձուկայի գործերին է հակադրվում Մաչիկո Հասեգավայի՝ երիտասարդ նկարչուհու, 1946 թվականից «Ասահի շինբուն» ամսագրում յոնքոմա ֆորամտով. հրատարակվող մանգայի՝ «Սաձաէ-սան»-ի գլխավոր հերոսուհին՝ Սաձաէ-սանը։ Նա պատերազմից հետո անտուն մնացած միլիոնավոր ճապոնացիների նման հայտնվել էր անելանելի վիճակում, նա հեշտ կյանք չէր ունեցել, բայց Աստրո Բոյի նման խորը քաղաքացիական ու հասարակական գիտակցություն ուներ ու ներգրավված էր ընտանեկան գործերում։ Համատեղությամբ նա շատ ուժեղ կերպար է ու հակադարձում է նախկին ռազմական համակարգով պրոպագանդվող «լավ կին, իմաստուն մայր» (良妻賢母, րյոսայ կենբո) սկզբունքին։ Սաձաէ-սանը նայում է աշխարհին անսպառ լավատեսությամբ. սա է Հայաո Կավայը անվանում «տոկուն կին»։

Հաջորդ հիսուն տարում ամբողջ աշխարհում կվաճառվի «Սաձաէ-սան»-ի ավելի քան 62 միլիոն օրինակ։

Տեձուկան ու Հասեգավան նաև ոճային նորարարներ էին։ Տեձուկայի կինեմատոգրաֆիկ տեխնիկան՝ շարժումները ավելի դիտողական դարձնելու համար ներկայացնել առանձին կադրերը դանդաղեցված ռեժիմով, երբեմն կտրում կրճատելով հերոսի ու «տեսախցիկի» միջև հեռավորությունը։ Ու, ինչն ավելի կարևոր է, Տեձուկան համապատասխանեցրել է ֆրեյմերի փոփոխության արագությունը ընթերցման արագության հետ, որպեսզի ընթերցողի մոտ շարժման պատրանք ստեղծվի։ Վիզուալ դինամիկայի այս ոճը հետագայում փոխառվել է շատ մանգակների կողմից։

Իսկ Մաչիկո Հասեգավայի բարձրացրած թեման, հիմնված ամենօրյա կյանքի ու կանացի փորձի վրա, հետագայում կդառնա շոջո-մանգայի գլխավոր տարբերիչ գծերից մեկը։

1950-ից 1969 թվականներին վերջնականապես կայացավ մանգա ընթերցող հասարակությունը ու տարբերակվեցին երկու հիմնական ժանրերը՝ շոնեն(տղաների համար գրված մանգա) ու շոջո(աղջիկների համար գրված մանգա)։ 1969 թվականից շոջո-մանգան հիմնականում ստեղծվում էր հասուն տղամարդկանց կողմից, մինչև շուկան «հետ գրավեց» Նիջույոն նեն գումի մանգակա-կանանց խումբը։

Ծագումնաբանությունը

Կանջին (Մանդարինում՝ դասական չինարենում, արտասանվում է մանհուա), որ ճապոներենում օգտագործվում է մանգա բառը գրելու համար, թարգմանվում է որպես «քմահաճ, խառը նկարներ» կամ «ոտքի վրա արված էսքիզներ»։ Բառը չինական ծագում ունի ու ճապոնացի հասարակության սեփականությունն է դարձել 18-րդ դարի վերջում՝ 1798 թվականին, Սանտո Քյոդենի «Shiji no yukikai» նկարաշարքի հրատարակմամբ։ Տերմինի հարմարվելուն նպաստեցին նաև Այքավա Մինվայի 1814թվականին հրատարակված «Manga hyakujo»-ն ու հայտնի ուքիյո-է ոճի նկարիչ Կացուշիքա Հոքուսայի հանրահայտ շարքի՝ Հոքուսայ Մանգայի 1814-1834 թվականների հրատարակությամբ։ Շուտով Րաքուտեն Քիթաձավան օգտագործում է «մանգա» բառը մեզ հայտնի իմաստով։

Ճապոնիայում, ինչպես արդեն ասվել է, «մանգա»-ն բնորոշում է թե անիմացիան, թե կոմիքսները։ Ճապոնիայի սահմաններից դուրս, այլալեզու երկրպագուները, «մանգա» ասելով, հասկանում են ճապոնական արտադրության կոմիքսներ, իսկ «անիմե»՝ համապատասխանաբար անիմացիաներ։ «Անի-մանգա»-ն վերաբերում է հատուկ անիմե դառնալու համար նկարված մանգաներին։

Մրցանակներ

Ճապոնական մանգայի արդյունաբերությունը սահմանում է լիքը մրցանակներ, որոնց մեծ մասը ֆինանսավորվում է հրատարակիչների կողմից. որևէ անվանակարգում հաղթած մանգաները հրատարակվում են հովանավոր ամսագրում։ Նման մրցանակներից են, օրինակ, սրանք.

  • Akatsuka Award - հումորային մանգայի համար

  • Dengeki Comic Grand Prix – կարճ մանգայի համար

  • Kodansha Manga Award – տարբեր ժանրային մրցանակներ

  • Seiun Award – տարվա լավագույն գիտաֆանտաստիկ մանգա

  • Shogakukan Manga Award– տարբեր ժանրային մրցանակներ

  • Tezuka Award – լավագույն նոր մանգա

  • Tezuka Osamu Cultural Prize – տարբեր ժանրային մրցանակներ

Ճապոնիայի Արտաքին Գործերի Նախարարությունը 2007 թվականի մայիսից սահմանել է ամենամյա Միջազգային Մանգա Մրցանակաբաշխություն (International Manga Award)։

bottom of page